18/01/2017 14:42
Լիտվան Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կկառուցի
Լիտվան պատրաստվում է 2 մետրանոց ցանկապատ կառուցել ռուսական Կալինինգրադի մարզի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է Լիտվայի ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսյունասը՝ Մոսկվայի և Բալթիկ երկրների միջև պահպանվող լարվածության ֆոնին, հայտնում է Reuters-ը:
Էյմուտիս Միսյունասը խոստովանել է, որ նման կառույցը չի դառնա վստահելի պաշտպանություն լայնամասշտաբ հարձակման դեպքում, սակայն նշել է, որ այդ քայլն ընդգծում է Ռուսաստանի աճող ագրեսիվության առնչությամբ լիտվացիների մտահոգությունը:
«Գնահատելով աշխարհաքաղաքական վտանգները, ռուսական աշխարհաքաղաքական վտանգները՝ լիտվացի քաղաքական գործիչները նման երկրի հետ պատնեշի անհրաժեշտության ցանկություն են հայտնել»,- ասել է Միսյունասը:
«Այդ ցանկապատը չի կանգնեցնի տանկերը կամ այլ ռազմական տեխնիկա, սակայն կդժվարացնի սահմանի անօրինական հատումը»,- ասել է նախարարը:
Ցանկապատը, որի կառուցումը կարժենա 3,6 միլիոն եվրո, կկառուցվի 2017 թվականին և կունենա մոտ 50 կիլոմետր երկարություն՝ բացի արդեն լճերի, գետերի և ճահիճների կողմից փակ հատվածներից: