18/01/2017 12:36
Նախագահը ստորագրել է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու որոշման նախագիծը:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:
Նշենք, որ ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված էր կառավարության՝ հունվարի 12-ին կայացած նիստի օրակարգում, որը հավանության արժանացավ:
«Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով»,-ասված է հիմնավորման մեջ:
«Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները:Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:
Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները»,- նշված է հիմնավորման մեջ:
«Ակնկալվում է, որ գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»,-նշված է հունվարի 12-ի՝ կառավարության նիստի օրակարգում նախատեսված որոշման նախագծում:
Նշված է նաև, որ ակտի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: