18/01/2017 10:28
Նորից Ծառուկյան, կրկին «այլընտրա՞նք»
Անկասկած, անցած օրվա և, թերևս, առաջիկայի ամենահնչեղ թեման Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին ԲՀԿ նախկին ղեկավարի հայտարարությունն էր: Ընդ որում, ինչպես կարելի էր կանխատեսել, քաղաքականություն վերադարձի մասին Ծառուկյանի ազդարարումը հանրության շրջանում չէր կարող միանշանակ ընդունվել այն պարզ պատճառով, որ ինքը՝ Ծառուկյանը, գոնե վերջին շրջանում երբեք միանշանակ կերպար չի եղել: Համակիրների կողմից նա ընկալվել և (կամ) ներկայացվել է որպես մարդկայնության ու բարերարի մարմնավորում, իսկ հակառակորդների կողմից ընկալվել է որպես բռնության («ՏԷՑ-ի կռուգ», մարտի 1) ու հաճկատարության խորհրդանիշ:
Այսուհանդերձ, դժվար է չնկատել, որ Գագիկ Ծառուկյանը վերջին տարիների իր գործունեության հիմնական նպատակը դարձրել է հնարավորինս հեռանալ իր անձի վերը նշված ընկալումներից և վերջնականապես հաստատվել հասարակական կյանքի քաղաքական հատվածում: Ընդ որում, այսօրվա հայտարարությունն այս փորձի արդեն երրորդ արարն է: 2004-ին, երբ Ծառուկյանը ստեղծեց ԲՀԿ-ն, դա ընկալվեց սոսկ որպես կոնյունկտուրային օլիգարխի կողմից արված և այս գործողության «պատվիրատուի»՝ նախագահ Քոչարյանի, շահերի սպասարկմանն ուղղված քայլ:
Ծառուկյանի երկրորդ փորձը իշխող կուսակցության հետ կոալիցիայից 2012-ին դուրս գալն էր, ինչը, սակայն, կրկին բավական ոչ միանշանակ գնահատականի արժանացավ այն պարզ պատճառով, որ ԲՀԿ առաջնորդը համառորեն հրաժարվեց ընդդիմադիր դիրքերից հանդես գալուց՝ նախընտրելով «իշխանության այլընտրանք» բավական տարօրինակ ձևակերպումը: Հասկանալի պատճառներով, իշխանությունից զրկված ԲՀԿ-ականների մեծ մասն այս ձևակերպման հետ չհամաձայնեց, իսկ դա հանգեցրեց վստահության ճգնաժամի և պատճառ դարձավ նախ ԲՀԿ-ի մասնակի կազմաքանդման, ինչին էլ, որպես գրեթե անխուսափելի հետևանք, հետևեց Ծառուկյանի հեռացումը քաղաքականությունից: Իսկ եթե այս ամենին զուգորդենք ԲՀԿ-ի (հիմա՝ Ծառուկյանի) և այն պահին ընդդիմադիր համարում ունեցող ՀԱԿ-ի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի հետ դաշինք կազմելու անհաջող փորձերը, պատկերը կդառնա ամբողջական:
Այսուհանդերձ, հարկ է նկատել, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնեց բավական շատերի խաղաքարտերը: Ընդ որում՝ հատկապես նրանց, որոնք քաղաքականությունից հենց քաղաքականություն էին ակնկալում և պատրաստվում էին զուտ քաղաքական պայքարի: Այդ ընթացքում աջերը փորձում էին միավորվել աջերի հետ, ձախերը՝ ձախերի, իսկ իշխանությունն աստիճանաբար մոբիլիզացնում էր ուժերը: Այդ կերպ հույս էր արթնանում, որ գոնե առաջիկա ընտրությունները կառանձնանան գաղափարական պայքար գոնե հիշեցնող ինչ-որ մի բանով: Չստացվեց:
Խնդիրն այն է, որ չնայած բոլոր ջանքերին, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չդարձավ: Հետևաբար, նա խաղացել և խաղալու է այլ կանոններով, ինչը, հասկանալի պատճառներով, բավական հիմար կացության մեջ է դնում քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Գրեթե անսպառ ռեսուրսների տիրապետող Ծառուկյանը, հասկանալի է, շարունակելու է խոստումներ շռայլել թե՛ իր թիմակիցներին, թե՛ գյուղացիներին և թե՛ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն պատճառով կհայտնվեն «Առինջի առյուծի» ու նրա թիմակիցների տեսադաշտում (սա արդեն փորձված նախընտրական մեխանիզմ է): Արդյունքում, Ծառուկյանի գլխավորած կոալիցիան նախ հիմար վիճակում կդնի ընդդիմությանը, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունեցող, բայց դեռևս չկողմնորոշված ընտրողները կքվեարկեն «ժողովրդի խնդրանքով» վերադարձած գործչի օգտին՝ զրկելով ընդդիմությանը խորհրդարանում լուրջ ներկայություն ապահովելու հնարավորությունից: Ասենք, ձայների կորուստից չի խուսափի նաև իշխող Հանրապետականը:
Հետևաբար, նախընտրական շրջանում ընդդիմությունը ստիպված է լինելու պայքարել ոչ այնքան իշխանության, որքան Ծառուկյանի դեմ, ինչը, բնականաբար, էապես հեշտացնում է իշխանության գործը: Այլ հարց է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունները հարկադրված են լինելու կոալիցիոն բանակցություններ սկսել Գագիկ Ծառուկյանի հետ և միայն նրա միջոցով հասնել խորհրդարանում սահմանադրական մեծամասնության: Իսկ դա նույն Ծառուկյանին կրկին կգցի երկակի վիճակի մեջ, քանի որ, ճիշտ է, այդ դեպքում նրա գլխավորած քաղաքական միավորը ձեռք կբերի իշխանական լծակներ, սակայն, մյուս կողմից, կրկին կարող է հանգեցնել ներքին վստահության ճգնաժամի՝ արդեն ծանոթ հետևանքներով: Իսկ իրադարձությունների նման զարգացման դեպքում գործը միայն «բամփելով» կարող է և չավարտվել: