18/01/2017 14:20
Հարցում. Վրաստանի իշխող կուսակցությանը պաշտպանում է բնակչության 40 տոկոսը
«Վրացական երազանք» կառավարող կուսակցությանը պաշտպանում է Վրաստանի բնակչության 40 տոկոսը, այդ են վկայում լրագրողներին ներկայացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից:
Պատասխանելով այն հարցին, թե «կուսակցություններից որն Է ձեզ ամենից մոտ իր հայացքներով», քաղաքացիների 40 տոկոսը նշել է «Վրացական երազանքը», 10 տոկոսը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, 3 տոկոսը՝ խորհրդարան անցած «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը, 3 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ 22 տոկոսը դեմ է արտահայտվել բոլորին, փոխանցում է РИА Новости-ն:
Հարցման արդյունքների համաձայն, քաղաքացիների 42 տոկոսն այն կարծիքին է, որ խորհրդարանի նոր կազմը նախկինից ավելի լավ է աշխատելու այն դեպքում, երբ 30 տոկոսն օրենսդիր մարմնի աշխատանքում որևիցե փոփոխություն չի սպասում:
Խորհրդարանի նոր կազմը ձևավորվել Է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են 2016 թվականի հոկտեմբերին: Օրենսդիր մարմնում տեղ են գտել «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը 115 պատգամավորական տեղ է ստացել 150-ից, իսկ մնացած տեղերը բաժանել են «Միասնական ազգային շարժումը» և «Հայրենասերների դաշինքը», որոնք հաղթահարել են 5- տոկոսանոց արգելքն ընտրություններում:
Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ: