18/01/2017 12:09
Սա ծիծաղելի և անհասկանալի թատերական ներկայացում էր. Տիգրան Հայրապետյանը՝ Գևորգ Սաֆարյանի դատավճռի մասին
Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը իր պաշտպանյալի դատական գործը համարում է լավ բեմադրված ներկայացում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանն ընդգծեց, որ դատական նիստերն ընթացել են մի շարք խախտումներով:
«Սա ծիծաղելի և անհասկանալի թատերական ներկայացում էր: Դատարանը պատվեր կատարեց: Հարցաքննությունը մի շարք խախտումներով է ընթացել: Գործով հարցաքննվել էին 13 ոստիկան և 14 -15 վկա, մինչդեռ դատարանի կողմից ուշադրություն էր դարձվել միայն ոստիկանների ցուցմունքներին»,- նշեց Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ոստիկաններից 3-ը նշել են, որ քննիչի կողմից հրապարակվածը չի համապատասխանում այն ցուցմունքին, ինչն իրենք տվել են: Փաստաբանը նաև նշեց, որ Գևորգ Սաֆարյանը չի հարվածել ոստիկանին, մինչդեռ դատարանը պնդում է, որ նա երկու անգամ հարված է հասցրել ոստիկանին:
«Լրատվամիջոցներից մեկը երկու դրվագ է հրապարակել, որում պարզ երևում է, որ Գևորգ Սաֆարյանը չէր կարող այդ հեռավորության վրա հարվածել ոստիկանին: Ընդհակառակը, Սաֆարյանն է հարված ստացել ոստիկանի կողմից: Ցանկության դեպքում այս գործը 5 րոպեում կարելի էր ավարտել»,- նշեց նա:
Տիգրան Հայրապետյանը ասաց նաև, որ պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան, մինչդեռ դժվար է կանխատեսել, թե ինչպես կարձագանքի վերաքննիչը:
«Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի սպասելիքներ կունենանք, բայց պետք է սպառենք ներպետական ատյանները, որպեսզի գնանք եվրոպական դատարան»,- ընդգծեց փաստաբանը: