18/01/2017 13:05
Եկել է խնայելու ժամանակը. 7 մլրդ դրամ՝ այլ «գրպանում»
Յուրաքանչյուրը պետք է ծախսի գրպանին համապատասխան. այս ճշմարտությունը գործում է թե մարդկանց առօրյա կյանքում, թե պետական ծախսերի պարագայում:
Այն, որ մինչ այժմ Հայաստանում ծախսերի արդյունավետության գնահատման մեխանիզմներ չկան, երբ դեռ չի ներդրվել նման մեխանիզմներից մեկը՝ բյուջետային ծրագրավորումը, երբ երկրի տնտեսական աճի տեմպը ցածր է, իսկ արտաքին պարտքը մոտենում է ռիսկայինի սահմանագծին, առավել քան կարևոր է դառնում վերոնշյալ ճշմարտությունը կյանքի կոչելը:
Ի՞նչ քայլեր է իրականացրել այս ուղղությամբ նոր կառավարությունը: Առաջինը պետական գերատեսչությունների աշխատակազմերի և ՊՈԱԿ-ների օպտիմալացումն է, ավելորդ և անարդյունավետ կառույցների և հաստիքների կրճատումը: Այս պահին կատարված կրճատումների արդյունքում ակնկալվում է, որ 2017-ին, տարեկան կտրվածքով կտնտեսվի շուրջ 3,9 մլրդ դրամ։
Երկրորդը մարզային բյուջետային համակարգերի օպտիմալացումն է: Մի քանի մարզում (Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Վայոց ձոր և Գեղարքունիք) դրա շնորհիվ եկող տարի կտնտեսվի ևս շուրջ 904 մլն դրամ։ Երրորդը ոռոգման ոլորտում է ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) խոշորացումն է՝ 37 ՋՕԸ-երից ստեղծվելու է 14 ՋՕԸ: Գործընթացը կավարտվի 2017 թվականի մարտի 1-ին:
Արդյունքում, տարեկան կտնտեսվի պետական բյուջեից որպես սուբսիդիա տրամադրվող շուրջ 1,8 մլրդ դրամ: Եվ վերջինը, որ իրականացվել է անցնող 100 օրվա ընթացքում Կարեն Կարապետյանի կառավարությունը, ինտերնետի և տվյալների փոխանցման ծառայությունների ձեռքբերման նպատակով միասնական գնումների օպտիմալացումն է: ՀՀ կառավարության, նախարարությունների, առանձին գերատեսչությունների, մարզպետարանների և այլ պետական մարմինների 2017 թվականի կարիքների համար ինտերնետի և տվյալների փոխանցման ծառայությունների ձեռքբերման գնումները կենտրոնացված եղանակով կազմակերպելու, ինչպես նաև գնման տեխնիկական առաջադրանքներն առավելագույնս մրցակցային կազմելու արդյունքում այստեղ էլ պետական բյուջեն կխնայի 523 մլն դրամ:
Միայն այս միջոցառումների շնորհիվ տարեկան տնտեսվող ընդհանուր գումարը կգերազանցի 7 մլրդ դրամը: Միաժամանակ, հարկ է շարունակել արդյունավետության բարձրացման ուղղությամբ քաղաքականությունը՝ ներդնելով մեխանիզմներ, որպեսզի գայթակղություն չառաջանա թույլ տալ մի ուղղությամբ խնայելով՝ մյուս ուղղությամբ ծախսերի չարդարացված ավելացում կամ վարչակազմերի ուռճացում: