21/01/2017 09:54
Ազատ Արշակյան. Սխալ է Սեյրան Օհանյանին քննադատել լավ ապրելու համար. «Հրապարակ»
«Հրապարակը» զրուցել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, ով վերջերս անդամակցել է «Միասնական Արմենիա» շարժմանը և հայտարարել Սեյրան Օհանյանին աջակցելու մասին:
- Ձեր թիմակից Արթուր Ալեքսանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը տուն չունի, բնակվում է վարձով Վահագնի թաղամասում։ Մի կողմ թողնենք Վահագնի թաղամասում անգամ վարձով բնակվելու հնարավորությունների հարցը։ Բայց այդ հոդվածից հետո բոլորը քննադատեցին թե՛ մեզ, թե՛ Ալեքսանյանին, թե բացահայտ ստեր եք հրապարակում, բոլորը գիտեն, որ Օհանյանը շքեղ առանձնատուն է կառուցում Վահագնի թաղամասում, իսկ դուք հիմարի տեղ եք դրել մեզ։
- Ես գիտե՞ք ինչ մոտեցում ունեմ և դա բազմիցս եմ ասել նաև մամուլով և հեռուստատեսությամբ, որ չափազանց վատ է հայկական բանակի զինվորականի նկատմամբ մեր հասարակության սոցիալ-տնտեսական ընկալումը։ Զինվորականը մարդ է, որն անձնազոհության է գնում, և ես կարծում եմ, որ շատ լավը պետք է լինի նրա հագուստը, հանդերձանքը, սնունդը, սոցիալական ծառայությունը, նպաստները։ Հիմա Սեյրան Օհանյանը, եթե չունի բնակարան, դա խայտառակություն է, նրա բնակարանը պետք է ամենալավերից մեկը լինի, նա պետք է ապահովված լինի։
- Իսկ քանի՞-քանի ազատամարտիկներ, հերոսներ ունենք, որոնք ծայրահեղ ծանր ու անապահով պայմաններում են գոյատևում։
- Նրանք անտեսված են, նրանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն լինի, նրանք պետք է ապահովված լինեն։
- Հասարակության բողոքը հենց այդտեղ է, որ Սեյրան Օհանյանը և այլ գեներալներ գուցե հենց այդ ազատամարտիկների հաշվին ձեռք են բերել շքեղ դղյակներ, ապրում են ոչ աշխատավարձի հաշվին ու հաշվարկով։
- Նախ Սեյրան Օհանյանն ասում է՝ չունեմ ձեր նշած բնակարանը, մարդն ասում է՝ իմը չէ։ Էն, ինչ նկարում ցույց են տալիս, դրա սեփականատերն էլ է ասել, որ «դա իմն է, սեփականատերը ես եմ, Սեյրան Օհանյանը չէ»։ Ես դրանից տեղյակ եմ։ Եվ հիմա ինքն իսկապես վարձով է ապրում։ Բայց ես կարծում եմ, որ սխալ է նրան քննադատել լավ ապրելու համար։ Այ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հայկական բանակի շարքայինները պետք է սոցիալապես նպաստառու չլինեն։ Նրանք պետք է ամենալավ վարձատրվողն ու ապահովվածը լինեն։ Ես Ձեզ հետ համաձայն եմ՝ մեր բիզնեսմենների վիլլաները հարկավոր է աճուրդի հանել։
- Գեներա՞լ բիզնեսմենների։
- Ոչ միայն գեներալ։ Կարող է գեներալ լինել, կարող է եֆրեյտոր էլ լինել, կարող է բժիշկ լինի, կարող է և արհեստավոր լինի։ Ով ուզում է՝ լինի։ Եթե հայկական բանակի վետերաններն անապահով են, ուրեմն վաճառել ապահովների ունեցվածքը և նրանց ապահովել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: