21/01/2017 18:39
Արմեն Մարտիրոսյանը չի ապտակել և հարգում է ուրիշի կարծիքը. Պարզաբանում է Զարուհի Փոստանջյանը
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել իրեն։
«Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց և տղամարդկանց հետ: Ես ունեմ և կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն, որպեսզի, չկիսելով իմ կարծիքը, հարգի այն», - հայտարարել է Զ.Փոստանջյանը։
«Իսկ ինչ վերաբերվում է տիկին Անահիտ Բախշյանի հասցեին արված հայտարարությանը, ապա նշեմ, որ տիկին Բախշյանը, նույնպես շուրջ 10 տարի լինելով քաղաքականության մեջ, ոչ միայն առանցքային դերակատարում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներսում, այլև ընդհանուր հայկական քաղաքականության մեջ` կոտրելով կարծրատիպերը և օրինակ ծառայելով երիտասարդ կանանց համար», - նշել է նա։
«Անկախ այն հանգամանքից, երբ այսօր որոշում կայացնելու համար մենք տարակարծիք ենք և հնարավոր է բաժանվենք, մեր համատեղ անցած քաղաքական պայքարի ճանապարհը ոչ միայն եղել է օրինակելի, այլև հենց այս հրաշալի բանաձևի մեջ` «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի»: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի այս անցած 10 տարիներն անցել եմ իրենց հետ», - ասել է Զ.Փոստանջյանը։