21/01/2017 11:16
Որևէ մեկը միայնակ փոփոխություն չի կարող իրականացնել, դրա համար անհրաժեշտ է պայքարել դաշինքով. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության վարչության օրակարգում ընտրություններին մասնակցելու ձևաչափի շուրջ համաձայնության հարց դրված չի եղել, ինչպես այդ մասին գրել են լրատվամիջոցները:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ի սկզբանե համաձայնություն գալու հարց դրված չի եղել:
«Քանի որ շատ ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունեցել, ընդամենը խնդիր ունեինք մեր վարչականներին ներկայացնելու, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ հարցեր ենք դրել, ինչ պատասխաններ ենք ստացել: Ներկայացրել ենք այդ ամենը, հետո վարչականներն իրենց մոտեցումները ներկայացրին: Նորմալ քննարկում է տեղի ունեցել» ,- տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ հրապարակումներ եղան, թե վարչության նիստում տարակարծությունների հիմնական պատճառն այն է, որ իբր Արմեն Մարտիրոսյանը պնդել է, որ ԱԺ ընտրություններում ցանկալի շեմը հաղթահարելու համար պետք է դաշինքով գնալ, ինչին դեմ է արտահայտվել Զարուհի Փոստանջյանը:
«Ես ոչ թե ասել եմ, որ դժվար է շեմը հաղթահարել, դրա համար պետք է դաշինքով գնալ, այլ դաշինքով գնանք, որպեսզի երկրում տեղի ունենա արմատական փոփոխություն» ,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե, եթե «Ժառանգությունում» խնդիր դրված լիներ շեմը հաղթահարելու, ապա միայնակ կմասնակցեին ընտրություններին:
Մարտիրոսյանի խոսքով՝ դա սխալ է, որը տարածվել է սահմանափակ թվով լրատվամիջոցներով:
«Մենք արտամատական փոփոխությունները միայնակ չենք կարող իրականացնել, և որևէ մեկը միայնակ փոփոխություն չի կարող իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է համատեղ պայքար, համատեղ ջանքեր, իսկ դա, բնականաբար, ենթադրում է դաշինքային մոտեցում: Մենք դեռևս քննարկումների մեջ ենք» ,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Վերջինս ասաց նաև, թե հանդիպումներ անցկացրել են գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ:
«Մեզ համար կարևորն այնպիսի ուժային կենտրոնի ձևավորումն է, որը կարող է իշխանափոխության, արմատական բարեփոխումների հայտ ներկայացնել: Խոսքը սրա մասին է», - նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ չբացառելով, որ համապատասխան դաշինքային ձևաչափ չլինելու դեպքում «Ժառանգությունը» ընտրություններին մասնակցի միայնակ:
Այդ տարբերակը ևս, Մարտիրոսյանի խոսքով, քննարկվել է վարչությունում. «Եթե մեր պատկերացրած դաշինքը չլինի, ընտրություններին կմասնակցենք միայնակ: Քննարկումները կորոշակիացվեն, մանրամասների մասին կտեղեկացնենք»:
Եզրափակելով խոսքը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե իրենց համար ցանկալի է, որ բոլորն իրար հետ համագործակցեն: