21/01/2017 13:16
Մենք հավակնում ենք գալ հանրային ծառայության, այլ ոչ թե՝ իշխանության. Արտակ Զեյնալյան
«Ելք» դաշինքը գալիս է ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ՝ հանրային ծառայության անցնելու, դաշինքի համաժողովին իր ելույթում նման կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության խորհրդի և «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:
«Մեծագույն ձեռքբերում կլինի, եթե մենք հավատ ստեղծենք, թեկուզ, այն մասով, որ մենք հավակնում ենք գալ հանրային ծառայության, այլ ոչ թե՝ իշխանության: Մենք փոփոխություններ ենք ուզում, քանզի հանրությունը հոգնել ու հիասթափվել է, չի հավատում պետական մարմիններին, չի հավատում, որ կարող է ձևավորել իշխանություններ, բայց փոփոխությունները կարող են սկսվել ընտրություեններից, եթե ժողովուրդը զգա, որ ինքը գործողությունների վրա ազդելու հնարավորություն ունի», - ասաց նա:
Խոսելով դաշինքի անելիքներից՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախևառաջ իրենց գործողությունները միտված են լինելու պայքարել քողարկված հարկերի ու տուգանքների դեմ: Ա. Զեյնալյանը նաև ընդգծեց, որ իրենց առաջնային նպատակն է հանրությանը մասնակից դարձնել երկրի կառավարմանը:
«Մեր երկրում օտարներ ու պառակտվածներ պետք է չլինեն: Բոլորը պետք է ընգրկված լինեն երկրի կառավարման պրոցեսում: Մենք միասին լրացնում ենք իրար, մեր ուժը միասնության մեջ է», - ասաց նա: