21/01/2017 10:25
Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել նախագահի լիազորություններն ընդլայնող փոփոխությունները
Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սահմանադրությունում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով ընդլայնվում են երկրի նախագահի լիազորությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նիստի ընթացքում, որը տևել է գրեթե մինչև լույս, պատգամավորները ճնշող մեծամասնությամբ սատարել են երկրի հիմնական օրենքում փոփոխությունների կատարմանը: Օրինագծին կողմ է արտահայտվել 339 պատգամավոր, դեմ՝ 142-ը:
Օրինագծի համաձայն՝ Թուրքիան նախագահական հանրապետություն է դառնալու: Նախագահը լինելու է գերագույն գլխավոր հրամանատարը, իրավունք է ունենալու բանակում պատասխանատու պաշտոններում նշանակումներ անել: Բացի այդ, վարչապետի պաշտոնը լուծարվելու է, իսկ կառավարություն ձևավորելու իրավունքն անցնելու է նախագահին:
Նախագահը նաև խորհրդարանը ցանկացած պահի ցրելու իրավունք է ստանում:
Հավանության արժանաված օրինագիծը պետք է մինչև հաջորդ շաբաթ փոխանցվի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը: Դրանից հետո հանրաքվե պետք է անցկացվի: Ենթադրվում է, որ քվեարկությունը կկայանա ապրիլի սկզբին:
Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները նշում են, որ սա կպարզեցնի երկրի կառավարման համակարգը: Վարչապետ Բինալի Յըլդըրըմըն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունները երկիրը կփրկեն հեղաշրջման փորձերից: