21/01/2017 10:32
ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող առևտրային շենքում բռնկված հրդեհի և փլուզման դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրենց ծառայողական պարտքը կատարող անձնվեր փրկարարներ և հրշեջներ:
«Վստահ եմ, որ բարեկամ Իրանի համապատասխան մարմինների ձեռնարկած վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարելու աղետի հետևանքները։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում» ,- ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: