21/01/2017 14:19
Ցուցակներում ընդգրկվելու նպատակ չունեմ. Հայկ Մարության
Դերասան Հայկ Մարությանը, որը ներկա էր «Ելք» դաշինքի համաժողովին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ողջունում է երեք կուսակցությունների դաշինքը:
«Դաշինքում լավ ընկերներ ունեմ և ողջունում եմ այս դաշինքը, ինչպես ցանկացած նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ-ն կարող է բերել բալանսի: Միայն այն դեպքում ժողովրդավարական որոշումներ կունենանք, եթե որոշումները միանձնյա չընդունվեն: Կարծում եմ՝ «Ելք»-ը կարող է ԱԺ-ում ապահովել այդ բալանսը: Ողջունելի է, որ այն երեք ուժերը, ովքեր տարբեր մոտեցումներ ունեն, միավորվում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության», - ընդգծեց դերասանը:
Վերջինս նշեց, որ ինքը չի դիտարկում որևէ կուսակցությանն անդամակցելու հարցը, այլ նախընտրում է որպես հասարակ քաղաքացի՝ մասնակցել գործընթացներին: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք, որ ընդգրկվի որևէ կուսակցության ցուցակում, Հայկ Մարությանը նշեց. «Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում: Դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ խոսել»:
«Այս պահին ցուցակներում ընդգրկվելու նպատակ չունեմ, բայց երբ զգամ, որ իմ անելիքներն ԱԺ-ում ավելի մեծ կլինեն, քան ԱԺ-ից դուրս, նման քայլեր կանեմ, բայց հիմա զգում եմ, որ ՀՀ քաղաքացիների համար ԱԺ-ից դուրս կարող եմ քայլեր անել», - ասաց նա: