21/01/2017 16:26
Պեսկով. Իրանի դիրքորոշումը հարցականի տակ է դնում Աստանայի հանդիպմանը ԱՄՆ-ի մասնակցությունը
Սիրիական կարգավորման մեջ որպես կարևոր խաղացող Իրանի դիրքորոշումը բարդացնում է Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը ԱՄՆ վարչակազմի հնարավոր մասնակցության հարցը։ Այն մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Սիրիական զինված ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միասնական պատվիրակության մասնակցությամբ հանդիպումն Աստանայում ծրագրված է հունվարի 23-ին։ Հանդիպման են հրավիրված նաև Թրամփի վարչակազմի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
«Միանշանակ, մենք կողջյունեինք ԱՄՆ-ի մասնակցությունը: Իրավիճակը շատ բարդ է, կա Իրանը՝ կարևոր դերակատար սիրիական հարցում, և իրանցիները չեն ողջունում ԱՄՆ-ին։ Դա շատ բարդ հարց է շատ զգույշ խաղի համար», - նշել է Պեսկովը։
Սիրիայի հարցով նոր հարթակի՝ Աստանայի հանդիպման նախաձեռնող է հանդիսացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։