21/01/2017 11:32
Ռուբիկ Հակոբյանի ու լրագրողի միջև այսօր տեղի կունենա առաջին առերեսումը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ու «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի կունենա առաջին առերեսումը:
2016 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուբիկ Հակոբյանը հարվածել ու հայհոյել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Ռուբիկ Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային Ժողով, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը խոչընդոտ չհանդիսանա իր վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը:
«Պատգամավորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհրաժեշտություն չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: