21/01/2017 13:06
Հանրապետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի և պոտենցիալ պարտապան է. Սասուն Միքայելյան
Գրեթե երկու տասնամյակ Հայաստանը չի ընթանում առաջընթացի ուղիով, «Ելք»-ի անդրանիկ համաժողովի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Գնալով ծանրանում են հիմնախնդիրները, դժվարանում են ներքին ու արտաքին տարաբնույթ խնդիրները, որոնց լուծումները ժամանակի մեջ ավելի ու ավելի բարդ է դառնում, իսկ մեր երկիրն այդպես էլ չի կարողանում ամուր կանգնել ոտքի վրա ու վստահ ընթանալ առաջ», - ասաց նա:
Սասուն Միքայելյանը շեշտեց՝ խոստացված տնտեսական աճն այդպես էլ չի գրանցվում, իսկ գործազրկությունն ու անորոշությունն էլ դարձել են ազգային աղետ:
«Երկրի պետական պարտքը հասել է հսկայական չափերի, հանրապետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի և պոտենցիալ պարտապան է», - նշեց նա:
ՔՊ վարչության նախագահը ընդգծեց՝ ցավոք, Հայաստանում մարդուն դեռ չի հաջողվել դառնալ իր երկրի լիիրավ քաղաքացի:
«Ու այստեղից է գալիս այն անտարբերությունը, որով մեր քաղաքացիները վերաբերում են ընտրություններին ու քաղաքական գործընթացներին», - ասաց նա:
Նա շեշտեց՝ մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ՝ նույնպես:
«Անհրաժեշտ կոնսենսունսի առկայության դեպքում պատրաստվում ենք անվերապահորեն համագործակցել մի շարք ուժերի ու անհատների հետ: Հայաստանը բոլորիս երկիրն է ու «Ելք»-ը հայ ժողովրդի, հայոց պետականության, նրա ապագայի նկատմամբ պարտքի ու պատասխանատվությունից ելնելով՝ վստահորեն մտնում է երկրում 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընտրապայքարի մեջ՝ համոզմունքով, որ ներկա վիճակից «Ելք»-ը կարող է ելք գտնել», - հավելեց Ս. Միքայելյանը: