21/01/2017 14:27
Բլոգեր Լապշինին արտահանձնելու մասին Բելառուսի դատախազության որոշումը կասկածելի է. Սիմոն Բաբայան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Քիշնևյան կոնվենցիայի տեսանկյունից իրավաչափ չէ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի անդամ Սիմոն Բաբայանը:
«Իրավական տեսանկյունից այս հարաբերությունները կարգավորվում են Քիշնևյան կոնվենցիայով՝ իրավական փոխօգնության մասին, նաև՝ Բելառուսի քրեական դատավարության օրենսգրքով: Եթե դիտարկենք Կոնվենցիայի տեսանկյունից, այս արտահանձնումը, մեր կարծիքով իրավաչափ չէ, որովհետև այդտեղ հստակ դրույթներ են պարունակվում այն մասին, որ անձը չի կարող իր քաղաքական հայացքների համար հետապնդվել, և հանձնումը կատարվի ի կատարումն այդ քաղաքական հայացքների», - նշեց փաստաբանը:
Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն՝ Լապշինի կողմից սահմանահատումը կդիտարկվեր որպես հանցանք, եթե նա հատած լիներ Ադրբեջանի կողմից պահպանվող սահման, այնինչ Լապշինը հատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից չպահպանվող սահմանի տարածք, և ԼՂՀ երբեք չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք:
Բացի այդ՝ Սիմոն Բաբայանը տեղեկացրեց, որ ՌԴ-ի և Բելառուսի միջև կա «Միութենական պետություն» ստեղծելու մասին պայմանագիր, որի համաձայն՝ երկու պետությունների քաղաքացիները օգտվում են հավասարազոր իրավունքներից, և նրանց իրավունքերը չեն կարող նսեմացվել:
«Այս տեսանկյունից, նույնպես, համարում ենք, որ Բելառուսի դատախազության կողմից կայացրած որոշումը կասկածելի է, իսկ իրավական տեսանկյունից՝ խնդրահարույց», - ասաց Ս. Բաբայանը: