21/01/2017 23:30
Վթարի հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ առաջին բլոկի էլեկտրասնուցումը, էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից
Այսօր` հունվարի 21-ին, բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայաստանի ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը, արդյունքում 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։
Նրա խոսքով, ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայնը մասամբ բեռնաթափվել է:
Իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-ի 3-րդ էներգաբլոկը: Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից:
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և 18:20-ին Բջնի գծով էլեկտրահաղորդումը վերականգնվել է:
Իրավիճակի զարգացումների մասին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 30 րոպե պարբերականությամբ զեկուցել է վարչապետին:
Շուշան Սարդարյանի խոսքով, նման խաթարումները պայմանավորված են երկարատև սառնամանիքների հետևանքով առաջացած սառույցի կուտակումներով:
Ըստ նրա, վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով:
Այս պահի դրությամբ ԱԷԿ-ն աշխատում է լրիվ բեռնավորվածությամբ: Համակարգի էներգամատակարարումն իրականացվում է ամբողջ ծավալով: