23/01/2017 21:00
Femen-ից հայտարարել են կազմալուծման մասին
Femen-ի ակտիվիստուհի Յանա Ժդանովան հայտարարել է, որ Ուկրաինայում շարժումն այլևս գոյություն չունի: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին նա պատմել Է «Ապոսթրոֆ» պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի հունվարի 23-ին:
«Բոլորը բաժանվեցին, ինչպես նավերը՝ ծովում: Թիմը, որն առաջ կար, այլևս չկա», - հայտնել է Ժդանովան:
Նրա խոսքով՝ առանձին ակցիաներ տարբեր երկրներում դեռևս անցկացվում են, սակայն այդ գործունեությունը Femen-ի հետ ընդհանուր քիչ բան ունի: Ակտիվիստուհին նաև նշել Է, որ շարժման կազմալուծումը սկսվել է 2015 թվականից, երբ նրանում հայտնվեցին «ինքնակոչ» առաջնորդներ:
«Մենք ավարտեցինք ճիշտ այնպես, ինչպես մյուս դասական ֆեմինիստական կազմակերպությունները, բոլորը գժտվեցին», - եզրափակել Է նա:
Femen-ը պաշտոնապես չգրանցված կանանց շարժում է (հիմնականում Ուկրաինայից ժամանածների), որը հայտնի է սկանդալային գործողություններով: Որպես կանոն, հասարակական տարբեր միջոցառումների վրա ուշադրություն գրավելու նպատակով ակտիվիստուհիներն օգտագործում են իրենց մերկ մարմինը: Գործում է 2008 թվականից: