23/01/2017 15:08
Ֆրանսիայում Ամոնը և Վալսն անցել են սոցիալիստների փրայմերիզների երկրորդ փուլ
Ֆրանսիայի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը և հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսը երկրում առավել մեծ թվով ձայներ են հավաքել սոցիալիստների փրայմերիզներում: Այդ մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտնել է ընտրական մարմնի նախագահ Տոմա Կլեյը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Բենուա Ամոնը հավաքել է ձայների 35,23 տոկոսը, Մանուել Վալսը՝ 31,56 տոկոսը», - հայտնել է նա:
Դրանք նախնական տվյալներն են, որոնք մասնակիորեն կճշտվեն ձայների վերջնական հաշվումից հետո, բայց արդեն չեն փոխի սկզբունքային արդյունքը. Ամոնը և Վալսը երկրորդ փուլում են: Յոթ հավակնորդներից երրորդ տեղում էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրն է՝ 18,70 տոկոս արդյունքով:
Կլեյը նշել է, որ ընտրություններն անցել են հոյակապ պայմաններում: Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է «1,5-2 մլն ընտրող՝ 2 միլիոնին մոտ»: Դա պակաս է, քան 2011 թվականի նախնական ընտրություններում: Հաջորդ կիրակի՝ հունվարի 29-ին, կկայանա 2017 թվականի ընտրություններում Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածուի ընտրման երկրորդ ու վերջնական փուլը:
2016 թվականի նոյեմբերի 27-ին հանրապետականների փրայմերիզներում հաղթել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները նշանակված են 2017 թվականի գարնանը: