23/01/2017 13:21
Անդրիաս Ղուկասյանը հրաժարվում է մասնակցել կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու վերաբերյալ դատական նիստին
Անդրիաս Ղուկասյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
Արդեն 6 ամիս է, ինչ ԶԼՄ-երի կողմից հրապարակված տեսագրություններում բացահայտված են Սարի թաղում տեղի ունեցածը, սակայն առ այսօր իմ և իմ ընկերների դեմ շինծու մեղադրանքով դատավարությունների ժամանակ քննիչները, դատախազները և դատավորները հրաժարվում են ընդունել այդ տեսագրությունները՝ որպես գոյություն ունեցող ապացույցներ: Նույնիսկ երբ դատարանը ստիպված է լինում հետազոտել այդ տեսագրությունները, և դատավորները սեփական աչքերով տեսել են, որ մեզ ներկայացված մեղադրանքները հիմնազուրկ են, իսկ դրա հիմքում դրված ոստիկանների ու գործակալների ցուցմունքները` ակնհայտորեն սուտ, նրանք իրենց որոշումներում թաքցնում են այդ տեսագրությունները հետազոտելու փաստը, չնշելով անգամ դրանց առկայության մասին: Դատարանը նույն ճակատագրին է արժանացնում նաև իրականությունը ներկայացնող բազմաթիվ լրագրողների և հավաքի մասնակիցների ցուցմունքները՝ հրաժարվելով պահանջել և հետազոտել այդ ապացույցները:
Քանի որ դատարանն իր այդ գործողություններով ինձ առ այսօր զրկում է ապօրինի մեղադրանքից և կալանավորումից պաշտպանվելու բոլոր արդյունավետ միջոցներից, թողնելով միայն նիստերին ձևական մասնակցելու հնարավորությունը՝ ի բողոք դրա՝ ես հրաժարվում եմ մասնակցել կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու վերաբերյալ 25.01.2017 թ. դատական նիստին»:
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
23 հունվարի 2017 թ.