23/01/2017 10:50
Ապրիլյան պատերազմը փոխեց ժողովրդի վերաբերմունքը նոր սերնդի հանդեպ. Լևոն Ալթունյան
Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լևոն Ալթունյանի՝ «Ստեղծագործական Հայաստան» նախագծում տեղ գտած հարցազրույցը։
- Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
- Նոր կառավարության ձևավորումը, երկրի նախագահի առաջարկը Կարեն Կարապետյանին և վերջինիս վերադարձը Մոսկվայից։ Այս փոփոխությամբ մեր երկրի առաջընթացի հետ կապված ես մեծ հույսեր եմ կապում։
- 2016թ.-ի ամենաազդեցիկ գիրքը։
- Վերջերս մի գիրք կարդացի` Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ավետարան՝ ըստ Պիղատոսի»։ Դրանից հետո էլի երկու գիրք եմ կարդացել, բայց այս մեկից ստացված տպավորությունը շատ մեծ էր։ Բոլորովին նոր հայացք է Աստվածաշնչյան պատմությանը։ Առաջին անգամ ծանոթացա Քրիստոսի կյանքին՝ ծնունդից մինչև 30 տարեկանը, որ գոնե ինձ համար անհայտ էր և նրա երկրային կյանքի վերջին մեկ ամսվա պատմությանը։ Ընդ որում, այդ ամենը ներկայացված էր Քրիստոսի ուղիղ խոսքով։ Գրքի երկրորդ և երրորդ մասերում զետեղված են Պիղատոսի` իր եղբորն ուղղված նամակները։ Նա պատմում է, թե ինչպես է իր մարդկանց ուղարկել հրեական եկեղեցականների, քաղաքական գործիչների, բնակիչների և Քրիստոսի աշակերտների շրջանում Քրիստոսին գտնելու։
Պիղատոսի մեկնաբանությամբ Քրիստոսն ինքն էր գնում դեպի խաչելություն և ամեն ինչ անում էր դրա համար։ Դրան էր տանում նաև իր պահվածքով, երբ իրեն դատում էին հրեական արմատական եկեղեցականները։ Իսկ երբ կասկածում է, որ Պիղատոսը հնարավոր է իրեն բերման չենթարկի` Քրիստոսն ինքն է հորդորում իր ամենամերձավոր աշակերտ Հուդային, մատնել` զինվորներին տանելով Գեթսեմանի այգի։ Սա Հուդայի դավաճանության բոլորովին նոր մեկնաբանություն է։
Ամբողջ գիրքն Աստվածաշնչյան ծանոթ և անծանոթ դեպքերի չափազանց հետաքրքիր, նոր մեկնաբանություններ են։
- 2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը։
- Ռեժիսոր Ալեքսանդրո Գոնսալեսի «Ողջ մնացածը» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարելու համար Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես Օսկար մրցանակի արժանացավ։ Կդժվարանամ ասել, թե հատկապես ինչո՞ւ, բայց ավելի տպավորված եմ, քան վերջին շրջանում դիտած մի քանի այլ հանրահայտ կինոնկարներից։
- 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը։
- Տպավորիչ էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։
Նախագահը նշեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող ավտոմատներն ու հրետանային սարքավորումները կրակում են նաև Աստանայի, Դուշամբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Եվ դա մարտահրավեր է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար։ Նա հիշեցրեց, որ ի տարբերություն ՆԱՏՕ-ի համագործակցության, որտեղ հստակ գործում է «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը, մեր դաշինքում չի կիրառվում համապատասխան հոդվածը, չեն քննարկում ստեղծված իրավիճակը, չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում։ Ավելին` միջազգային կազմակերպություններում քվեարկում են միմյանց շահերի դեմ, երրորդ երկրների հետ ընդունում հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ։
«Մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունն ու նրա հեղինակությունը», - ասաց Սերժ Սարգսյանը։
Անցած տարեվերջին Չինարի գյուղի մոտակայքում թշնամու կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը հույս է ներշնչում, որ մեր դաշնակիցները դասեր կքաղեն դիպուկ ասված այդ խոսքերից։
- 2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը։
- Թե՛ ամենապոզիտիվը, թե՛ ամենանեգատիվը` 2016թ. ապրիլյան պատերազմն եմ համարում։ Պոզիտիվը, որովհետև այդ պատերազմը կարծես փոխեց ժողովրդի վերաբերմունքը նոր սերնդի հանդեպ։ Ինքս միշտ եմ այդպես վերաբերվել երիտասարդներին, բայց բոլորը հասկացան, թե նրանք որքան հայրենասեր են, ամուր և որքան մեծ դերակատարություն ունեն մեր երկրի կայացման ու ապագայի կերտման գործում։
Նաև նեգատիվն է, որովհետև հերթական անգամ հասկացանք, որ գործ ունենք ոչ այնքան homo sapiens-ների հետ։
- Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ:
- Մեկ խորհուրդ կտամ` ժպտացեք նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե դրա առիթը չկա։ Իսկ եթե գտնում եք, որ ժպտալու առիթ բացարձակապես չկա, ապա փոխեք ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։