23/01/2017 16:51
Իրաքում ԻՊ-ն եկեղեցին վերածել է «խալիֆայության երեխաների» նախապատրաստման կենտրոնի
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Թել-Քայֆ քաղաքի քրիստոնեական գլխավոր եկեղեցին վերածել են երեխաների նախապատրաստման կենտրոնի, որոնք կռվում են գրոհայիննեի կողմից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Rudaw քրդական հեռուստաալիքին։
Ինչպես հաղորդել են ականատեսները, ահաբեկիչները քանդել և այրել են քաղաքի եկեղեցիների մեծ մասը, որի բնակիչները հիմնականում ասորիներ են և դավանում են քրիստոնեություն։ Քաղաքի «Սուրբ սիրտ» անունով գլխավոր եկեղեցին գրոհայինները անվանափոխել են «Աբու Տալհա Ալ-Անսարի» և վերածել, այպես կոչված, «խալիֆայության երեխաների» նախապատրաստման բազայի։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, կենտրոնում ուսումը տևել է 15-20 օր, որից հետո երեխաներին ուղարկել են մարտի դաշտ։
«Նրանք երեխաներին մզկիթ էին բերում, որպեսզի վերջիններս հավատարմության երդում տային խալիֆայությանը։ Դրանից հետո երեխաները ուսուցում էին անցնում եկեղեցիում, որից հետո մեկնում էին մարտի դաշտ», - ասել է ականատեսներից մեկը։
Հեռուստաալիքի տվյալով՝ նրանց մեծ մասը մինչև 15 տարեկան է, երեխաներին ասում են, որ կհայտնվեն երկնքում: