23/01/2017 11:30
Հռոմում մեկնարկել է Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության հանձնախմբի 14-րդ նիստը
Հունվարի 22-ին Հռոմում մեկնարկել է Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության միջազգային աստվածաբանական միացյալ հանձնախմբի թվով տասնչորսերորդ նիստը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայկտնում են, որ հանձնախմբի աշխատանքները կընթանան մինչև հունվարի 28-ը:
Երկխոսության համար նախատեսված աստվածաբանական թեման է «Ս. Հաղորդության խորհուրդը և Եկեղեցին»: Նիստի ընթացքում միացյալ հանձնախմբի 26 անդամները քննարկելու են երկու եկեղեցական ընտանիքներում Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը, ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները և եկեղեցաբանական արտահայտումները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանձնախմբի աշխատանքներին պաշտոնապես մասնակցում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. վարդապետ Անանյանը:
Հայոց Եկեղեցում Ս. Հաղորդության խորհրդի ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները ներկայացվելու են «Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը. Ս. Պատարագի և Եկեղեցու աստվածաբանական առնչակցությունները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ավանդության մեջ» խորագրով զեկույցում: