23/01/2017 12:21
Նպատակը մեկն է՝ իշխանության և կոնկրետ անձանց վերարտադրություն. Հայկ Խանումյանը՝ ԼՂՀ Սահմանադարական փոփոխությունների նախագծի մասին
ԼՂՀ ԱԺ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծել է հանրաքվեի շտաբ և պատրաստվում է քարոզել ընդդեմ Արցախի Սահմանադրական փոփոխությունների նախագծի: Aysor.am-ի թղթացի հետ զրույցում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը նշեց, որ «Ազգային վերածնունդը» պատրաստ է համագործակցել նաև այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ևս դեմ են Սահմանադրական փոփոխություններին:
«Նախագծին խորհրդարանում դեմ է քվեարկել նաև ՀՅԴ-ն, իսկ «Շարժում 88-ը»՝ ձեռնպահ: Չգիտեմ այս ուժերը, հատկապես ՀՅԴ-ն, քարոզարշավ անելու են, թե ոչ, բայց կարծում եմ՝ առաջիկայում կորոշեն իրենց անելիքները: Եթե շտաբ ձևավորեն, մենք նույնպես կհամագործակցենք իրենց հետ», - ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են համագործակցել նաև արտախորհրդարանական այն ուժերի հետ, ովքեր նույնպես կձևավորեն հանրաքվեի շտաբ՝ նախագծին դեմ քարոզելու համար:
Հայկ Խանումյանը նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ լինելու հիմնական պատճառն այն է, որ այդպիսով իշխանությունը վերարտադրվելու նպատակ ունի:
«Նման փոփոխություններ տեղի են ունենում նաև Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում և այլն: Դրանց նպատակը մեկն է՝ իշխանության և կոնկրետ անձանց վերարտադրություն»: