23/01/2017 10:44
Ճապոնիայում առյուծը մարդկանց վրա է հարձակվել
Ճապոնական Shonan Animal Production ընկերության ստուդիա-կենտրոնում առյուծը մարդկանց վրա է հարձակվել. արդյունքում 2 մարդ է տուժել:
Ընկերությունը Նարիտա քաղաքում տարբեր կենդանիներ է բազմացնում՝ հեռուստատեսային և լուսանկարահանումների համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Գործակալության փոխանցմամբ՝ այն մասին, որ առյուծը հարձակվել է այգու աշխատակիցների վրա, ահազանգը ստացվել է 119 համարին: Գլխի և ոտքերի շրջանում լուրջ վնասվածքներ են ստացել մեկ կին ու մեկ տղամարդ:
Դեպքը տեղի է ունեցել, երբ նկարահանումներից առաջ երեք աշխատողներ 10-ամյա առյուծի վանդակն են լվացել: Կենդանին շղթայված է եղել և հարձակումից հետո չի կարողացել փախչել:
Shonan Animal Production-ի կայքում նշվում է, որ կենտրոնում նաև հովազ, շներ, կատուներ, ձիեր, զեբր, ուղտ, կենգուրուներ և կապիկներ կան: