23/01/2017 16:57
Փետրվարի 1-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումը կլինի անվճար
Հայաստանի բնապահպանության նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերևութաբանական ծառայություններ է մատուցում նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար:
«Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաև այն առավել գրավիչ դարձնելու նպատակով բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար այդտեղ սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման գումարը կազմում էր 33.000 դրամ:
Որրոշման նպատակն է մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը և խթանելով տուրիզմի` այդ թվում նաև էկոտուրիզմի զարգացմանը: