23/01/2017 12:05
Լապշինի գործը կարող է լրջագույն հետևանքներ թողնել Ղարաբաղյան հարցի լուծման վրա. քաղաքագետ
Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանն ու Բելառուսի կողմից նրան Ադրբեջան արտահանձնելու հնարավոր իրավիճակին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն` ընդգծելով, որ իրեն զարմացնում է ՀՀ իշխանությունների պասիվությունը:
«Դու պետք է ցույց տաս, որ ստեղ կաս: Սա կունենա լրջագույն հետևանքներ Ղարաբաղյան հարցի լուծման վրա», - կարծիք հայնեց քաղաքագետը:
Նրա խոսքով` ակտիվ քայլեր են նկատվում միայն Իսրայելի իշխանությունների կողմից և, հետաքրքիր է, որ պասիվ է նաև Ռուսաստանը, որի քաղաքացիություն ևս ունի բլոգերը:
«Մեր իշխանությունները պետք է գործեն, հարցը բարձրացնեն ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ գործընկերային կապի մեջ են Բելառուսի հետ: Պետք է բացատրել, որ, գուցե, իրավական առումով սա մեր հարցը չէ, բայց սա քաղաքական հետապնդում է ու այս առումով հարցը մերն է», - ասաց Ստեփան Գրիգորյանը:
Որպես հարցի քննարկման հնարավոր հարթակ՝ նա նշեց նաև Եվրամիությունը, քանի որ Բելառուսը զգալիորեն կապված է ԵՄ-ից:
«Պետք է ասենք Բելառուսին` «չհասկացա՞նք, դուք այս ի՞նչ մեսիջ եք մեզ ուղարկում»: Մեր իշխանությունները պետք է գիտակցեն ու իրավիճակին նայեն Արցախ այցելած այլ երկրների քաղաքացիների տեսանկյունից, նրանք այլևս անվտանգ չեն զգա իրենց ու այսպիսով ավտոմատ փակվում է ճանապարհը դեպի Ղարաբաղ», - ասաց Ստեփան Գրիգորյանը: