23/01/2017 12:46
Ոչ ոք չգիտի դա ինչ է. Տիգրան Ուրիխանյանը՝ «Ծառուկյան» դաշինքի մասին
«Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վստահ է՝ առանց դաշինքի ընտրություններին գնալը ձեռնտու է միայն այն կուսակցություններին, որոնք չեն ցանկանում փոփոխությունների գնալ:
Նման կարծիք պատգամավորը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մինչդեռ չհստակեցրեց, թե ում հետ է պատրաստ համագործակցել «Ալյանսը»:
«Գագիկ Ծառուկյանի լինել-չլինելը քաղաքական դաշտում ինձ համար եղել է չափազանց կարևոր: Ծառուկյանի մասին եթե խոսենք, ես այն անձը չեմ, ով հեռացել է նրանից, որ հիմա վերադառնամ, բայց դաշինքի մասով ոչ ոք չգիտի դա ինչ է», - ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքին, ապա Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ թեև Սեյրան Օհանյանի անձին դրական է վերաբերում, բայց չի հասկանում, թե ինչ ձևաչափով է նա հանդես գալու:
«Մամուլում շատ բան է քննարկվում այս դաշինքի մասին, բայց այս դեպքում ևս պարզ չէ, որն է այդ դաշինքը և ովքեր են այդտեղ», - ընդգծեց նա:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ քաղաքական դիրքորոշման մասին «Ալյանսը» կհայտնի փետրվարի 4-ին՝ կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ: