23/01/2017 22:52
Ժամանակն է, որ ԵԽԽՎ-ն զարթնի իր լեթարգիական քնից. Զոհրաբյանը անդրադարձել է Լապշինի գործին
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին, ում ԼՂՀ այցելելու պատճառով Ադրբեջանը ներառել է «սև ցուցակ», իսկ դրանից հետո երկու անգամ Բաքու այցելելու համար պահանջում է արտահանձնել։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի և խայտառակ մի երևույթի, ինչպիսին Ադրբեջանի «սև ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, պրոֆեսիոնալներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար», - մասնավորապես ասել է Ն. Զոհրաբյանը։
Նրա խոսքով, ԵԽԽՎ «լռությունն ուղղակի դատապարտելի է»:
«Ժամանակն է, որ մեր կազմակերպությունը վերջապես զարթնի իր լեթարգիական քնից և արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի, խղճի, մամուլի ազատության դեմ: Եվ առնվազն տարակուսելի է, որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների Պաշտպանության Պլատֆորմն որևէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը և արտահանձման պահանջին: Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, և որևէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու և արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը», - ասել է պատգամավորը։
Նա կոչ է արել ԵԽԽՎ-ին, ինչպես նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և թույլ չտալ, որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին: