23/01/2017 20:05
Նախարարության որոշմամբ «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթ կանցկացվի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է և նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունը անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:
«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների և մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի և այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: