24/01/2017 15:34
Ավստրալիայի և Մալայզիայի իշխանությունները կհանդիպեն 2014-ին անհետացած Boeing-ի ուղևորների հարազատների հետ
Ավստրալիայի և Մալայզիայի իշխանությունները հանդիպում կկազմակերպեն 2014 թվականի մարտին անհետացած Malaysia Airlines ավիաընկերության Boeing-ի ուղևորների բարեկամների հետ որոնողական գործողության ավարտված փուլի մասին պատմելու համար, հայտնել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հանդիպումը, նախնական տվյալներով, կայանալու է հաջորդ շաբաթ: Դրան մասնակցելու են Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի վարչության, ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ինչպես նաև Տրանսպորտի անվտանգության հարցերով ավստրալական բյուրոյի ներկայացուցիչները:
Տրանսպորտի նախարարը նշել է, որ չնայած որոնողական աշխատանքների ավարտին՝ մասնագետները կշարունակեն ուսումնասիրել ստացվող տեղեկությունները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալայզիայի իշխանությունները թույլ են տվել մասնավոր անձանց որոնել 2014 թվականի մարտին անհետացած ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ Boeing 777-200-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ռադարների էկրաններից անհետացել է 2014 թվականի մարտի 8-ին։ Այն իրականացնում էր Կուալա Լումպուր-Պեկին չվերթը։