24/01/2017 15:45
Yahoo!-ի և Verizon-ի միաձուլման գործարքը հետաձգվում է
Verizon հեռահաղորդակցային ընկերությունը և Yahoo!-ն երեք ամսով հետաձգել են միաձուլման գործարքը: Այդ մասին ասված է Yahoo!-ի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում, հայտնում է Gazeta.ru-ն:
Այժմ երկու ընկերությունների միջև պայմանագիրը կստորագրվի միայն 2017 թվականի երկրորդ եռամսյակում՝ չնայած նախկինում նախատեսվում էր իրականացնել դա առաջին եռամսյակում:
Միաձուլման գործարքն օրակարգում է հայտնվել 2016 թվականի ամռանը: Գործարքի համաձայն՝ Verizon-ի հսկողության տակ պետք է անցնեն Yahoo!-ի մի շարք ծառայություններ: 2014 թվականին իրականացված հաքերային խոշոր հարձակումների մասին հայտնի դառնալուց հետո ԶԼՄ-ները սկսել են գրել, որ գործարքը կա՛մ կտեղափոխվի, կա՛մ ընդհանրապես չի կայանա: