24/01/2017 09:33
Սեյրան Օհանյանի նպատակը քաղաքական դիվիդենտներ շահելն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ն, անդրադառնալով ներքաղաքական վերջին վերադասավորումներին, գրել է. «Իշխանություններին սկսել է քննադատել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը դեռ երեք ամիս առաջ նույն այդ իշխանության մասն էր կազմում։ Օհանյանը, որ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է գլխավորել «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», «Դեմոկրատական» ԱԻՄ կուսակցություններից կազմավորված ընդդիմադիր դաշինքը, օրերս տարածած հայտարարության մեջ խոսել է թուլացած տնտեսության, ահազանգող արտագաղթի, ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշի հասած աղքատության և իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության մասին։
Միաժամանակ Օհանյանը նաև հայտարարել է, թե պաշտոնավարման ընթացքում ինքը պատասխանատու է եղել բանակի խնդիրների համար և ի պաշտոնե իրավասու չի եղել միջամտել պետության մյուս կառույցների գործունեությունը։ Օհանյանի այս հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում, քանի որ ինքը ութ տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը և այս ամենի մասին նա կարող էր բարձրաձայնել պաշտոնավարման ժամանակ կամ համաձայն չլինելով իշխանությունների գործելաոճին՝ կարող էր աղմուկով հրաժարական ներկայացնել։
Իսկ երբ նա իշխանություններին քննադատում է հիմա, միաժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով, ակնհայտ է դառնում, որ նախկին նախարարի մղումներն անկեղծ չեն, և այս ամենն անում է ընդամենը քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Էլ չենք ասում այն մասին, որ այդ ընթացքում նրա ղեկավարած ոլորտը ևս չի փայլել։ Ու, վերջապես, Օհանյանը ութ տարի շարունակ լինելով իշխանության մաս, ինքն էլ որոշակի պատասխանատվություն ունի այդ ընթացքում Հայաստանում կատարված ու այսօր առկա իրավիճակի համար»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: