24/01/2017 11:40
Թրամփի կողմնակիցը կոչ է արել ձերբակալել Մադոննային
Ամերիկացի երգչուհի Մադոննային պետք է ձերբակալել «Սպիտակ տան պայթեցման» մասին նրա հայտարարություններից հետո, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամ, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Նյուտ Գինգրիչը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Huffington Post-ին։
Մադոննան ելույթ էր ունեցել Վաշինգտոնում զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ։ Ելույթի ընթացքում նա երկու անգամ անպատշաճ էր արտահայտվել Թրամփի հասցեին։ Մադոննան հավելել էր, որ «շատ է մտածել Սպիտակ տունը պայթեցնելու մասին»։
«Սակայն ես գիտեմ, դա ոչինչ չի փոխի», - հավելել էր նա։
«Սա նոր ձախ ֆաշիզմ է։ Նա դրա մասնիկն է, ես կարծում եմ՝ մենք պետք է պատրաստվենք ինքնապաշտպանության. նրան պետք է ձերբակալել», - Թրամփի թիմակցի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Գինգրիչը նման հայտարարությամբ է հանդես եկել Fox & Friends հեռուստահաղորդման ժամանակ։
Ավելի ուշ երգչուհին հայտարարել է, որ հայտարարությունը փոխաբերական իմաստ է ունեցել։ «Ես հակված չեմ բռնության», - գրել է նա իր Instagram-ում։