24/01/2017 13:56
Յուրաքանչյուրի ընտրությունն է՝ ինչպես շարունակել քաղաքական գործունեությունը. ՀՀԿ-ն մեկնաբանել է կուսակցությունը լքելու մասին Հովիկ Աբրահամյանի որոշումը
ՀՀԿ-ն երկու օրից կմեկնաբանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից հեռանալը:
«ՀՀԿ-ն երկու օրից Գործադիր մարմնի ու Խորհրդի նիստեր է գումարելու, ձեզ հուզող բոլոր հարցերին կանդրադառնամ նիստից հետո», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանը միանալու է Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Առհասարակ, յուրաքանչյուրի ընտրությունն է՝ ինչպես շարունակել քաղաքական գործունեությունը»:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ վաղը ՀՀԿ-ից դուրս գալու կապակցությամբ հայտարարություն կանի: