24/01/2017 14:16
Հայաստանցի 100 գիտնական դրամաշնորհներ կստանան Հայ օգնության ֆոնդից
30 խմբում ընդգրկված հայաստանցի 100 գիտնական դրամաշնորհներ կստանան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում՝ ժամը 12:00-ին:
Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 211 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 30-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 16-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 17-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ այս տարի լրացուցիչ 5 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շնորհիվ տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 17:
Այս տարի դրամաշնորհներից 18-ը տրամարդվել է կյանքի մասին գիտությունների՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, կենդանաբանության, մանրեաբանության, բուսաբանության, 4-ը` ֆիզիկայի, 2-ը` աստղաֆիզիկայի, 1-ը` քիմիայի, 1-ը` քիմիական ինժեներիայի, 1-ը` գրականության, 1-ը` պատմության, 1-ը` լեզվաբանության, 1-ը` տնտեսագիտության ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար:
Անցած 17 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 2200-ից ավելի դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 434 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1645 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 170 հազար դոլար: