24/01/2017 12:40
Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար. Հերմինե Նաղդալյան
Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ բյուրոյիև մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին և գալիք խորհրդարանական ընտրություններին:
Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները ձեռնարկել են իրավական համակարգի փոփոխման և նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Ընդունվել են սահմանադրական նոր օրենքներ, բազմաթիվ օրենքներում և իրավական ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ, այդ թվում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքներում:
Հայաստանի ամենաքննարկված փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի, մշակման գործընթացը ՀՀ ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ, համագործակցության, հիրավի, բացառիկ ձեւաչափով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ:
«Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար»- ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:
Իր խոսքում՝ Հ. Նաղդալյանը անդրադարձել է նաև անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական վերջին ոտնձգութուններին և ընդգծել, որ, չնայած դրան, Հայաստանը չի հեռացել ժողովրդավարական իր ուղուց և հավատարիմ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: