24/01/2017 11:33
Նիկոլայ Բաղդասարյանը «Ելք» դաշինքի հետ համագործակցության ցանկություն է հայտնել
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիտարկում է «Ելք» դաշինքի հետ համագործակցության հեռանկարները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ն. Բաղդասարյանն ընդգծեց, որ այս պահին «Ելքի» հետ տարվում են խորհրդակցություններ:
«Այս մտադրությունը պայմանավորված է նրանով, որ ես իմ լուման եմ ուզում բերել՝ աջակցելով որոշակի առաջընթացի: Ես երկար եմ մտածել, թե ինչ ձևաչափով դա անել և, տեսնելով, որ կա ուժ, որը ժողովրդական լեզվով ասած պրոեկտ չէ և ուզում է փոփոխություն կատարել, փորձում եմ իրենց հետ խորհրդակցել, հասկանալ որոշ հարցեր և համատեղ մի գործընթաց ձեռնարկել», - ասաց նա:
Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ համագործակցության հեռանկարներ տեսնում է միայն «Ելքի» հետ, քանի որ ծանոթ է դաշինքում եղած մարդկանց ու ծրագրերին:
«Վստահ եմ, որ «Ելք» դաշինքում եղած մարդիկ իսկապես ներկայացնում են ընդդիմադիր դաշտը: Նրանց գաղափարախոսությունը համապատասխանում է իմ մոտեցումներին, դրա համար էլ փորձում եմ համագործակցել իրենց հետ», - նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին «Ելք» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով մասնակցության ցանկություն է հայտնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ «Ելքն» առայժմ քննարկում է Բաղդասարյանի դիմումը։