24/01/2017 16:44
ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում ընթացող բանակցություններում պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ: Այս մասին ТАСС-ին հայտնել է իրանական պատվիրակության աղբյուրը:
«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ, - ասել է զրուցակիցը, - Կողմերը շարունակում են քննարկել կոմյունիկեն»:
Սիրիայում զինադադարի ռեժիմի ապահովումն ու ամրապնդումը Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների գլխավոր խնդիրն է, որոնց մասնակցում են Սիրիայի կառավարության ու ընդդիմության, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Քրոլը հրավիրված է եղել որպես դիտորդ: Երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի եռակողմ մեխանիզմի ստեղծման պլանները տեղ են գտել Աստանայում բանակցությունների վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեի նախագծում:
«Մենք նախատեսում ենք ստեղծել եռակողմ մեխանիզմ, որպեսզի համոզվենք, որ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանվում է, և որպեսզի կանխվի ցանկացած սադրանք»,- ընդգծվում է փաստաթղթում, որը ստացել է ТАСС-ի թղթակիցը: