24/01/2017 11:28
Ռիչարդ Միլսը կադրային դիվանագիտական ծառայող է և կշարունակի մնալ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում:
Ինչպես Aysor.am-ին փոխանցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում և ծառայում են նախագահին:
«Ընդունված պրակտիկայի համաձայն, այն դեսպանները, ովքեր «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ», - տեղեկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:
Ըստ հաղորդման, սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա:
«Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել և նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում», - նշեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: