24/01/2017 09:37
Հարկայինը «ՍԱՍ»-ում հաշվապահական սև ցուցակ է հայտնաբերել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ ստուգումների արդյուքնում «ՍԱՍ» սուպերմարկետում հարկային մարմինները հայտնաբերել են այն, ինչի մասին որ ժամանակին զգուշացրել էին բոլոր խոշոր սուպերմարկետների տերերին։ Ըստ թերթի, խոսքը «սև հաշվապահության» կամ հաշվապահական սև ցուցակի մասին է։
«Բանն այն է, որ նմանատիպ խոշոր առևտրային ընկերություններն ունեն երկու առանձին հաշվապահություն․ մեկը սպիտակ հաշվապահությունն է, որտեղ գրանցվում են բոլոր այն ապրանքները, որոնք մատակարարներից ձեռք են բերվում հաշիվ-ֆակտուրայով՝ դրանից բխող բոլոր հարկերն իր մեջ ներառելով, և, բնականաբար, այդ ապրանքների առքուվաճառքից պետությանը հարկ են մուծում։ Մյուսը «սև հաշվապահությունն» է։
Այստեղ գրանցվում են բոլոր այն ապրանքները, որոնք չեն գրանցում և որոնց համար հարկ չեն վճարում։ Օրինակ՝ որոշ անհատ ձեռներեցներից գնվող ձու, թխվածք և այլ ապրանքներ, առանց հաշիվ-ֆակտուրա ներկայացնելու։ Նման առևտուրը ձեռնտու է բոլորին՝ վաճառողին, որն ստիպված չի լինում էժան տալ իր ապրանքը, և վերավաճառող խանութին, որն այդ ապրանքները, չարտացոլելով հարկային հաշվետվություններում, հավելյալ հարկեր չի մուծում ու դրանց հաշվին ապրանքի գինը չի բարձրացնում։
Եվ, վերջին հաշվով, ձեռնտու է նաև գնորդին, որը տվյալ ապրանքն ավելի էժան է ձեռք բերում։ Չնայած՝ նկատենք, որ «ՍԱՍ»-ում հիմնականում ապրանքները մի քանի տոկոսով բարձր են մյուս սուպերմարկետների համեմատ։ Այս եռակողմ փոխշահավետ, բայց ստվերային առևտուրը վնաս է միայն մեկ սուբյեկտի՝ պետությանը, քանզի դրանից միլիոնավոր դրամների հարկեր են թաքցվում», - գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: