24/01/2017 10:30
Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները
Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են այդ երկրի կառավարության և ընդդիմության, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան և Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակով, փոխանցում է ТАСС-ը:
«Հանդիպումները վերսկսվել են, աշխատանքը շարունակվում է, - հայտնել է դե Միստուրան: - Մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»:
Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը երեքշաբթի դե Միստուրայի միջնորդությամբ կշարունակեն քննարկել Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմները: Մասնակիցների նաև մտադիր են ավարտել այն փաստաթղթի համաձայնեցումը, որն ամրագրում է զինադադարի ռեժիմը և Սիրիայի հակամարտությունը կարգավորելու հանդիպման մասնակիցների տրամադրվածությունը:
Բանակցություններն ընթանում են ծանր ու լարված, սիրիական հակամարտության տարիների ընթացքում բազմաթիվ չլուծված հարցեր ու փոխադարձ պահանջներ են կուտակվել: Ուստի բացառված չԷ, որ բանակցությունները շարունակվեն նախատեսվածից ավելի երկար, սակայն հանդիպումը ևս մեկ օրով երկարացնելու մասին առայժմ խոսք չկա: