24/01/2017 13:58
Ընտրատեղամասերի համար տեսախցիկներ ձեռք բերելուց ԱԱՀ վճարելու հարցը կկարգավորվի մինչև շաբաթվա վերջ. Սվիտալսկի
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ եթե ոչ առաջիկա ժամերին, ապա մինչև շաբաթվա վերջ հստակություն կլինի ընտրատեղամասերում տեսախցիկներ ձեռք բերելու, ինչպես նաև դրանց համար ԱԱՀ գանձել-չգանձելու հարցում:
Մեդիա-կենտոնում հրավիրված քննարկմանն այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ արձագանքելով դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ իշխանությունները տեսախցիկների ձեռքբերման համար ԱԱՀ են պահանջում:
«Մենք, որպես ԵՄ, այդ քննարկումներին չենք մասնակցում: Որքան տեղյակ եմ, վերջին օրերին շատ ինտենսիվ երկխոսություն է իրականացվել, երեկ նույնիսկ խորհրդարանական հանձնաժողովը մինչև ուշ երեկոյան քննարկում էր հնարավոր տարբերակները: Որքան ես եմ տեղյակ, ինչ որ համաձայնության եկան, և ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ իրենք ջանում են գտնել լավագույն լուծումը: Տարբեր կարծիքները, կարծիքների տարբերությունները շատ բնական են այսպիսի գործընթացում: Կարևորն այն է, որ գտնվի այդ ձեռնարկության համար իրագործելի լուծում: Կարծում եմ, որ հնարավոր է գտնել լավ պայմանավորվածություն տվյալ մասնավոր ընկերության հետ, միգուցե հիմա ժամանակ չկա այդ գործընթացը զրոյից սկսելու համար, տարբեր տեխնիկական տարբերակներ կան, և ես կարծում եմ, որ դրանք քննարկելու են: Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ հույս ունեմ, եթե ոչ մոտակա ժամերին, ապա մինչև շաբաթվա վերջ պարզ կլինի, թե արդյոք այդ ամենն իրագործելի է, թե ոչ», - ասաց Պյոտր Սվիտալսկին:
Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, Սվիտալսկին ասաց, թե որքան ինքն է տեղյակ, կառավարությունը պատրաստ է հնարավորն անել, որպեսզի այդ գործոնը չբարդացնի լուծում գտնելը:
«Կառավարության հետ մեր քննարկումներից կարող ենք նկատել շատ կառուցողական մոտեցում: ԵՄ-ն Հայաստանի հետ ունի համաձայնագիր, որով մեր բոլոր նախագծերն ազատված են ԱԱՀ-ից: ԵՄ-ն գումար է ծախսում Հայաստանում, տարածում իր ծրագրերը: ՀՀ կառավարությունն ԱԱՀ-ից ազատում է այդ ծրագրերը, և հաշվի առնելով, որ այս ծրագիրն էլ ԵՄ-ի կողմից է ֆինանսավորվում, նույնպես կարող է համարվել ԵՄ ծրագիր: Սակայն, ես կարծում եմ, որ կառավարության դիրքորոշումն այս հարցում բավական կառուցողական է», - նշեց նա: