24/01/2017 14:24
Հայաստանը շարունակում է օրակարգում պահել հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրը. Վարդան Ոսկանյան
Հայաստանի տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինության փակումը չի խոչընդոտի հայ-իրանական երկաթուղու կառուցմանը, նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Նման գործառույթ կարող է իրականացնել համապատասխան նախարարության համապատասխան վարչությունը և, ըստ էության, մենք ազատվեցինք ավելորդ օղակից: Չնայած զանազան լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Հայաստանն այդպիսով հրաժարվում է երկաթուղու կառուցումից, բայց ակնհայտ է, որ դա այդպես չէ: Հայաստանը շարունանում է այս ծրագիրն իր օրակարգում պահել և ջանքեր է գործադրում ներդրողներ գտնելու համար» ,- ասաց նա:
Իրանագետն այս ծրագիրը որակեց ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական և ընդգծեց, որ երկաթուղու կառուցումը նույնիսկ ամենաբարդ պայմանների դեպքում պետք է մնա Հայաստանի օրակարգում:
«Դա չափազանց կարևոր է մեր հակառակորդների վրա ճնշում կիրառելու տեսանկյունից: Իրանը ևս կարևորում է ծրագիրը: Իրանի նախագահի մակարդակով Երևանում հայտարարվեց, որ ծրագիրը Իրանի կողմից դիտարկվում է իրատեսական: Միակ խնդիրը ֆինանսների հայթայթման հետ է կապված և եթե այսօր դա մեզ չի հաջողվում, չի նշանակում, որ հետագայում ևս ֆինանսական միջոցներ ձեռք չեն բերվելու», - ընդգծեց նա:
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: