24/01/2017 14:50
Հայաստանը կարող է դառնալ միջանցք թուրքմենական գազն Արևմուտք տեղափոխելու համար. Վարդան Ոսկանյան
Երևան–Թեհրան–Աշխաբադ նոր համագործակցության ձևաչափը իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ գալիս է լրացնելու տարածաշրջանում արդեն իսկ առկա ձևաչափերին:
«Եթե Հայաստանը դիտարկենք որպես խաղացող, ապա ակնհայտ է, որ նման աշխատանքների խթանումը խրախուսելի է: Հայաստանը դրական իմաստով պետք է վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն այն ոլորտներում, որտեղ մեզ այդքան էլ չեն սպասում, որովհետև դրանց շրջանակում մեր երկիրը կարող է լուրջ հնարավորություններ ստանալ ոչ միայն սեփական տնտեսությունը զարգացնելու, այլև՝ աշխարհաքաղաքական դիրքերը բարելավելու տեսանկյունից», - լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետը:
Վերջինս կարևորեց այն հանգամանքը, որ Թուրքմենստանն աշխարհում գազային ռեսուրսներ ունեցող հնգյակի անդամ է, մինչդեռ այդքան ռեսուրսներ ունենալով հանդերձ, դրանք արտահանելու դժվարությունների առջև է կանգնած:
«Հիմա Թուրքմենստանը ելքեր է փնտրում սեփական գազային ռեսուրսները դեպի Արևմուտք տեղափոխելու համար, և այդ ելքերից մեկը կարող է լինել Հայաստանի միջոցով, որի արդյունքում Հայաստանը տարածաշրջանում լուրջ խաղացող կդառնա», - ընդգծեց նա: