24/01/2017 15:11
Արդարադատության ակադեմիայի շրջանավարտները ստացել են դատախազի պաշտոններ
Հայաստանի գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ, շրջանավարտները ստացել են նաև դատախազության ստորոբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները, տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից:
Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը` նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների անշեղ պաշտպանության գործում:
Գլխավոր դատախազը կարևորել է հատկապես Հայաստանի զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքը, նշել, որ այն պահանջում է առավել պատասխանատու և նրբանկատ մոտեցում:
Նորանշանակ դատախազներին շնորհավորել է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ վստահություն հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կուղղվեն իրավական պետության ամրապնդմանը: