24/01/2017 12:34
Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է 9-ի
Իտալիայի կենտրոնական մասի Գրան Սասսո լեռնազանգվածի շրջանում Rigopiano di Farindola հյուրանոցը ծածկած ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:
Նրա տվյալով՝ զոհերի թվում է հյուրանոցի այն աշխատակցի քույրը, որին փրկել էին ողբերգության առաջին իսկ օրը: Նա ողջ էր մնացել, որովհետև ձնահյուսի իջնելու պահին գտնվում էր հյուրանոցից դուրս:
Ձնահյուսը, որը հրահրվել էր ստորգետնյա ցնցումներով ու ձյան առատ տեղումներով, ծովի մակերևույթից 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա էր իջել հունվարի 18-ի երեկոյան՝ ամբողջովին ծածկելով չորսհարկանի շենքը: Ավելի վաղ հայտնել էին յոթ զոհվածների մասին: Փրկվել է 11 մարդ, անհայտ կորած է համարվում 20 հոգի: