31/01/2017 15:35
Նալբանդյանը՝ դեկտեմբերի 29-ի դիվերսիայի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ դեկտեմբերի 29-ի Ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվեսրիային:
«Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել ու ով է կանգնած դրա հետևում՝ Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, թե տեղական ինչ-որ հրամանատարներ, թե՞ ինքնաբուխ է արվել՝ ինչ-որ խելքը կորցրած դիվերսանտների կողմից: Բոլոր տարբերակներն էլ շատ վատ են», -նշեց Նալբանդյանը:
Նա շեշտեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունն է այդ հրամանը տվել, դա մեկնաբանությունից վեր է:
«Չնայած որևէ մեկը, կարծում եմ, կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ընդունակ է նման հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի ամրապնդումից», - նշեց ՀՀ արտգործնախարարը:
Նալբանդյանը նշեց՝ եթե այդ հրամանը տվել են տեղական ինչ-որ հրամանատրներ, դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական բանակում ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա ու կարող են այնպիսի գործողությունների գնալ՝ անկանխատեսելի հետևանքներով, որը կարող է ոչ միայն սրել, այլև այլ շատ բացասական զարգացումների բերել:
«Ասենք, ինչ-որ խելագարված դիվերսանտներ են դա արել. Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ կարող են այսպիսի երևույթներ լինել, որոնք խոսում են ամբոխային խելագարվածության մասին», - շեշտեց նա:
ՀՀ արտգործնախարարն ընդգծեց՝ ժամանակն է եկել, որպեսզի միջազգային հանրությունը և, առաջին հերթին, համանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, դեմ է գնում իրենց պահանջներին՝ կորցնելով իրականության զգացումը: