01/02/2017 11:40
Կոռուպցիայի դեմ պայքարի համար ԵՄ-ն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կտրամադրի Հայաստանին. Պյոտր Սվիտալսկի
ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար, այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկի շրջանակում:
«ԵՄ-ն արդեն իսկ կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրել է 15 մլն եվրո։ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների իրականացման համար», - ասաց նա։
Պ.Սվիտալսկին ողջունելի է համարում ՀՀ ներկայիս կառավարության ջանքերն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Դեսպանը հատկապես կարևորում է ապօրինի հարստացման քրեականացման և գույքի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձրացման հարցը։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարության կողմից կոնկրետ նախաձեռնություններ ենք տեսել։ Նախկինում պաշտոնյան պատասխանատվության չէր ենթարկվում հայտարարագիր չներկայացնելու համար, իսկ այս կառավարության կողմից այս մասով հիմա կոնկրետ քայլեր են ձեռնարկվում», - նշեց Պ.Սվիտալսկին։
Դեսպանն ընդգծեց, որ արագ տնտեսական աճի և երկրի կայուն զարգացման բոլոր հույսերը չեն կարող իրագործվել՝ առանց կոռուպցիայի դեմ պայքարելու։